Ինչպես արդեն հայտնի է,Վրաստանի Հանրապետության Քվեշեթի-Կոբի ճանապարհի Կրեստովի լեռնանցքում չինական China Railway Tunnel Group Co. Ltd ընկերությունն սկսել է 9-կիլոմետրանոց մայրուղու թունելի կառուցումը, որը Հյուսիս-հարավ միջազգային միջանցքի մի մասն է:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, շինարարության հիմնարկեքի արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ թունելը լինելու է Կովկասում ամենամեծը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նախագիծը մեծ նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Նախագծի ավարտից հետո, տարիներ շարունակ  ձնահյուսի և սողանքների հետևանքներին բախվող տրանսպորտային միջոցների խնդիրները կլուծվեն, և Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ճանապարհի՝ Վրաստանի ռազմական մայրուղու այս դժվարին հատվածը ավելի ապահով կդառնա փոխադրամիջոցների երթևեկության համար։

Նախագծի ավարտը նախատեսված է 2024 թվականին:

Արևմտյան Հայաստանը մոտիկից հետևում է տարածաշրջանի և Մետաքսի ճանապարհին տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ մենք կարևոր ստրատեգիական կապեր ունենք մեր հարևան պետությունների հետ: Հիշեցնենք այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են՝ Բաքու-Կարս երկաթգիծը, Բաքու-Ջեյհան նավթամուղն ու գազամուղը: Պետք է նշենք, որ այս երկուսն էլ անցնում են Արևմտյան Հայաստանի տարածքով՝ ոտնահարելով մեր իրավունքները, բացի այդ՝ այս ծավալի շինարարությունները կարող են բացասական հետևանք ունենալ բնության և էկոլոգիայի վրա: