ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով պահանջվում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

Ներկայացուցիչների պալատի կայքում հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27 -ին, Ադրբեջանը, Թուրքիայի և օտարերկրյա զինված խմբավորումների աջակցությամբ, ռազմական գրոհ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նաև հայտնի է որպես Արցախ` հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի տեղահանման: Շեշտվում է, որ Ժնևի երրորդ կոնվենցիան, որը ստորագրել է Ադրբեջանը, և միջազգային իրավունքը պահանջում են ազատ արձակել ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, և պահանջում է, որ բոլոր գերիներին վերաբերվեն մարդկայնորեն: