Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, համագործակցելով ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների հետ, Հայաստանում կներկայացնի տարբեր հեղինակավոր կինոփառատոններում հաղթած, մրցանակների արժանացած ֆիլմեր:

Փառատոնը կհյուրընկալի ժյուրիի անդամներ մրցանակակիր պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարին, Նանտի Three Continents փառատոնի հիմնադիր Ֆիլիպ Ժալադոյին և ֆրանսիացի արվեստագետ, գրաֆիկ դիզայներ, Կաննի և «Ոսկե ծիրան»-ի պաստառների հեղինակ Վահրամ Մուրատյանին։ Վարպետության դասընթաց կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, և մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրանի» հիմնադիր Սուսաննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին տարիներ շարունակ իրենց կողքին լինելու համար: Նա ընդգծեց, որ այդ աջակցությունը կարևոր է կինոփառատոնի կայացման գործում: