Այսօր ողջ աշխարհը հետեւում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բոլորը գիտեն, որ աշխարհի ցանկացած կետում կգտնվի գոնե մի հայ։ Սակայն Աֆղանստանի ու հայերի հետ կապված կան  մի շարք առանձնահատկություններ։ Մինչ 2021 թ․ մարտն Աֆղանստանում կար հայկական զորախումբ, հայկական կողմը պատերազմում անգլիացիների կողմից ավերված հին հայկական եկեղեցու տեղում 2010 թ․ Քունդուզ նահանգում կառուցեց մի մատուռ, որն օծվել է Էջմիածնի հոգեւոր ներկայացուցչի կողմից։ 2021 թ․ մարտին 121 հոգուց բաղկացած հայկական զորախումբը դուրս եկավ Աֆղանստանից։ 1979-1989 թթ․, երբ խորհրդային զորքերը մտել են Աֆղանստան, «բազմազգ բանակում» կռվել է շուրջ 4000 հայ, որոնցից 300-ը վիրավորվել, իսկ 86-ը զոհվել են։

իսկ այժմ քանի՞ հայ է այնտեղ ապրում, եւ քանի՞սն են ապրել նախկինում։ Հայ առեւտրականներն առաջին անգամ այստեղ ոտք են դրել Արշակունիների թագավորների օրոք։ Երբ 1386 թ․ Թամերլանը հարձակում իրականացրեց Անդրկովկասի վրա, գերի վերցրեց բազմաթիվ հայ, վրացի եւ աղվան արհեստավորների։

Գերիներին պահում էին Քաբուլում, Կանդահարում եւ Աֆղանստանի հյուսիսային մասերում։ Հայ ականավոր աստվածաբան, մատենագիր, գրող Սիմեոն Երեւանցին 1760 թ․ գրել է, որ Կանդահարի հայերը Թամերլանի գերեվարած հայերի ժառանգներն են։

1881 թ․ Աֆղանստանում տեղի ունեցած ապստամբությունը կազմակերպել էին ղիլզայ ցեղի ներկայացուցիչները, որոնք ապրում էին հսկայական լեռնային տարածքում։  

Այս տարածքում հետազոտական աշխատանքներ կատարած եվրոպացի լրագրողները հավաստիացնում են, որ նրանք իրականում հայեր են եղել։ 19-րդ դարի վերջինը այս տարածաշրջանում ապրում էր շուրջ 10 հազ․ ընտանիք։ Այսօրվա դրությամբ չհաստատված տվյալներով ղիլզայները մոտ 3 մլն են։ Աֆղանստանում հինգ տարի առաջ կար 450 քրիստոնյա հայ, սակայն այսօր ոչ ոք չգիտի, թե որքան են մնացել։

Ղիլզայները մկրտում էին հիվանդներին, խաչեր էին դնում իրենց տներում, բայց ամենահետաքրքրականն այն է, որ նրանք մատներով խաչ էին դրոշմում խմորի վրա։ Համաձայն թղթակցի՝ հենց ղիլզայներն են պնդում, որ իրենց նախնիները հայեր են։

1750 թ․ դեռեւս կային քրիստոնյա հայեր, բայց նրանք ձուլման վտանգի առաջ էին։ Հայ աշխարհիկ ու հոգեւոր դասի անհեռատես քաղաքականության պատճառով Աֆղանստանի հայերն սկսեցին գաղթել Հնդկաստան կամ Միջին Ասիա։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է շուրջ 15 մլն ներկայացուցիչներ՝ պատերազմների, ձուլման վտանգների եւ արտագաղթի պատճառով։ Ղիլզայները եւս ձուլման ու վերացման վտանգի առաջ են, եւ գրագետ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի վերացումը կանխել։