Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, Երևանյան գրասենյակում կազմակերպված մեդալների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին պատմեց Արցախյան ազատամարտից, իր կողմից  մշակված և իրագործված ռազմական գործողություններից, որին փաստացի վկա է եղել  իր այն զինընկերը, ով այդ պահին գտնվում էր դահլիճի հատուկ հյուրերի շարքում։

Նախագահ Արմենակ Աբրահամյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին՝ կապված Արևմտյան Հայաստանի,  այնտեղ ապրող բնիկ ժողովրդի ապրելակերպի պայմանների, մշակույթի պահպանման և բնությանը հասցված մի շարք խնդիրների  մասին։

Ներկայացնելով մշակույթի պահապանմանն ուղղված քայլերը, Պարոն Աբրահամյանը նշեց, որ այնտեղ ապրող հայերը ծարավ են հայկական երգին ու պարին, իսկ դրա պակասը կարողանում են լրացնել համացանցում տեղ գտած ազգային երգ-երաժշտությունը լսելով, պարերը նայելով և դրանք իրենց սերունդներին ուսուցանելով։

Թուրքիայի կողմից օկուպացվելուց հետո Արևմտյան Հայաստանում մի շարք խնդիրներ են առաջացել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, չորանում են փոքր լճակները, անտառները անխնա կտրվում են, իսկ թուրք բնակիչների կողմից վարվող անասնապահական կենսակերպի պատճառով  խոտածածկ տարածքները հարյուրավոր հեկտարներով անապատացել են։