Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, իսկ Թուրքիան սկսել է զորքեր տեղափոխել այդ շրջաններ։

Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմն սկսել է թիրախավորել Աֆրինի շրջակայքի գյուղերը և մեջբերում է ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» խոսնակ Յուսեֆ Համուդի վկայությունը, որ ռուսական կողմի հարվածներն Իդլիբի շրջանից սահմանային երկայնքով ձգվում են մինչև Հալեպի հյուսիս։

Միաժամանակ հաղորդվում է, որ, ըստ թուրքական բանակի հետ համատեղ գործող ստորաբաժանումների հրամանատարների, Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծաթիվ զորք, զրահատեխնիկա և սպառազինություն է ուղարկել շրջան՝ այդպիսով ցույց տալով հնարավոր հարձակումներին հակազդելու իր վճռականությունը։