Ալիևի հայտարարությունը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ընդունի և մշակի նոր սահմանադրություն, անընդունելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ես խայտառակություն եմ համարում, որ մեր հարևան երկիրը, հարևան մյուս երկրի դրդմամբ, ամենաբարձր պաշտոնյան նման հայտարարություն է անում և պահանջ է ներկայացնում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։

Սա արդեն անցնում է քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր շրջանակները։ Սա ուղղակի նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանն սկսում են խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Ինձ համար դա բացարձակ անընդունելի է», — ասաց թուրքագետը։

Հիշեցնենք, որ թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր.

«Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»: