ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մակարդակը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին:

Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ նվիրված ապամիջուկայնացման համար պայքարի միջազգային օրվան։

Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ աշխարհում միջուկային զենքի քանակն ընդհանուր առմամբ նվազում է, սպառազինությունների նոր մրցավազքի տագնապալի նշաններ են տեսնում:

«Հույսի նշաններ կան։ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների որոշումը՝ երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը և ռազմավարական երկխոսություն սկսել, դրական քայլ է։ Այդպիսին է նաև հունվարին միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը», – հայտարարել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրաժարվել անվերջ միջուկային մրցումներից: