Պակիստանի Չիտրալ շրջանում բնակվող Քալաշ ցեղի ներկայացուցիչներն իրենց համարում են Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի հետնորդները, որոնք այդ տարածքում հաստատվել են մոտ 23 դար առաջ: Նրանց համայնքը կազմված է մոտ 4000 հոգուց, որոնց յուրահատուկ մշակույթը վտանգված է:

Քալաշները փոքր էթնիկ և կրոնական համայնք են​​՝ բազմաթիվ առանձնահատկություններով: Շատ քալաշներ բաց գույնի, կապույտ կամ կանաչ աչքերով են և այդ հատկանիշը կարծես թե հաստատում է հնագույն լեգենդը, ըստ որի՝ նրանք իսկապես հույն զինվորների ժառանգներն են:

Բնակվելով մուսուլմանական համայնքներով շրջապատված, քալաշները, այնուամենայնիվ, պահպանել են իրենց հնագույն սովորույթներն ու ավանդույթները: Նրանք հին հույների պես երկրպագում են բազմաթիվ աստվածների, իսկ բնությունը կարևոր հոգևոր դեր է խաղում նրանց ամենօրյա կյանքում: Թեև նրանց բազմաստվածությունը, դիցաբանությունը և բանահյուսությունը համեմատվել են հին հույների բազմաստվածության հետ, իրականանում դրանք շատ ավելի մոտ են հնդիրանական (մինչ-զրադաշտական-վեդայական) ավանդույթներին:

Քալաշները տարվա մեջ նշում են  երեք փառատոն, որոնց ժամանակ խմում են տնական գինի և պարում թմբուկների ձայնի ներքո, որոնք խստիվ արգելված են մահմեդականներին:

Բացի այդ, ի տարբերություն մահմեդական կանանց, Քալաշ կանանց ոչ միայն թույլատրվում է ընտրել իրենց ամուսիններին, այլև նրանք կարող են ամուսնալուծվել: