ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հայցի շրջանակներում: 

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 14-15-ի լսումները կապված են լինելու Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց էր ներկայացրել Բաքվի դեմ, որով  պահանջում էր անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր բնակիչների իրավունքները պաշտպանելու համար:

Նշենք նաև,  որ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայտարարություն՝ հայ գերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարը պարտավոր է զեկույց ներկայացնել «Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զենքի և թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիայի կիրառման մասին»: 2020 թվականի պատերազմի ընթացքում Ֆրանսիայի, Բելգիայի և եվրոպական այլ երկրների խորհրդարանները բանաձևեր ընդունեցին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները: