ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքը 307 բնակիչ ունի: Այս մասին նշել է Լուսաձորի համայնքապետ Միքայել Այվազյանը։

«Պատերազմից հետո տեղահանված 32 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 157 հոգով:

Ազատ բնակֆոնդից 5 տուն ունենք, որոնք ևս կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին: Համայնքապետարանի շենքը գտնվում է վթարային վիճակում. ունենք բուժկետ, հանդիսությունների սրահ՝ նախատեսված 200 հոգու համար: Դպրոցի շենքը ևս վթարային է, որտեղ հաճախում է 42 աշակերտ: Գյուղամիջյան ճանապարհները վերանորոգման կարիք ունեն:

Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարման խնդիր չունենք. ջրագիծը նոր է կառուցված: Գյուղից մայրաքաղաք տրանսպորտ չի գործում, սակայն անհրաժեշտությունն այսօր, առավել քան երբևէ, զգացվում է:

Գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը 2018 թվականին վերանորոգել են արմատներով լուսաձորցի, լոսանջելեսաբնակ եղբայրները»,- տեղեկացրել է համայնքապետը։

Գյուղացիների զբաղվածության հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու հողագործությունը: