Իրավիճակն իրանա-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. Իրանը «Հայբարի նվաճողները» զորավարժությունների շրջանակում շարունակում է ռազմական տեխնիկա և անձնակազմ մոտեցնել սահմանին:

Այս մասին գրում է Военное обозрение-ն՝ (ռազմական վերանայում) թերթը, նշելով, որ Ադրբեջանի և Իրանի սահմանին կարող է ևս մեկ ռազմական հակամարտություն բռնկվել: Ըստ պարբերականի՝ երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար:

Ցանկացած պահի, ինչպես գրում է պարբերականը, սահմանին կարող է սադրանք տեղի ունենալ, որը զորավարժությունները կվերածի իրական ռազմական բախման, որում Ադրբեջանի կողմից պարտադիր կներգրավվի Թուրքիան: Ի դեպ, մեկ միջադեպ արդեն գրանցվել է ուսումնավարժանքների ժամանակ. AH-1 Super Cobra իրանական ուղղաթիռը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է երեք զինծառայողի մահվան: