Հրապարակում ենք հատվածներ հայտնի պատմաբան և պրոֆեսոր, հռչակավոր հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հարցազրույցներից․ «Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» ամենասկզբում ասում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի ու աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը։ Սրանցից մեկն էր և Հապետոսյան Հայկը։ Խորենացին մեջբերում է Մար Աբաս Կատինային՝ մ․թ․ա․ 2-րդ դարի հայ մատենագրին, որը գրել է Վաղարշակ արքայի հրամանով։ Իսկ աղբյուրները, որոնցից օգտվել է ինքը՝ Կատինան, խիստ բազմազան են` Միջագետքի աղբյուրներ, պարսկական աղբյուրներ, հելլենիստական աղբյուրներ։ Եվ այստեղ կարևոր հարց է ծագում` ո՞ր աստծո որդին է եղել Հայկ Նահապետը։Հայ առասպելաբանական աղբյուրներում այդ տեղեկությունները չեն պահպանվել, քանի որ քրիստոնեության ընդունումից հետո արգելված են եղել։ Իսկ Միջագետքի աղբյուրներում հստակ երևում է Հայկ աստծո անունը՝ դա Հայա-Էնկի աստծո անունն է․ նրա մասին խոսում էին որպես իմաստության աստծո, որի պաշտամունքն անմիջականորեն կապված էր Եփրատի և Տիգրիսի աղբյուրների և Հայկական լեռնաշխարհի հետ։

 Խորենացին չի հստակեցնում, թե որ աղբյուրներից է տեղեկություններ հավաքել, միայն նշում է, որ օգտվել է քաղդեացիներից, պարսիկներից, ասորիներից` այցելելով նրանց դիվաններ, այսինքն՝ արխիվներ։ 

Խորենացին փաստացի ուսումնասիրել է Առաջավոր Ասիայի բոլոր ժողովուրդների արխիվները, մշակել բոլոր եղած տեղեկություններն ու տվյալները և ստեղծել իր աշխատությունը՝ «Հայոց պատմությունը»։ Մենք նրանից առաջ էլ ենք ունեցել նման աշխատություններ` գրված քրմերի կողմից, բայց նրանցից միայն հիշատակումներ են մնացել։ Խորենացին հիշատակում է նաև, որ Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնում՝ Բարձր Հայքի Դարանաղյաց Անի ամրոցում, գոյություն է ունեցել գրերի սրբազան հեթանոսական արխիվ։ Մի շարք նման վկայություններ կան առ այն, որ մենք ունեցել են այդ սրբազան հեթանոսական պատմությունները, տաճարներին կից արխիվները, որտեղ գրի են առնվել, հավաքվել և պահպանվել են պատմական արձանագրությունները։

Մեհենագրեր․ հնագույն հիերոգլիֆները

Մեհյանները հայոց հին հեթանոսական սրբատեղիներն են, որտեղ պահպանվել են հիերոգլիֆանման գրերով գրի առնված տեքստերը։ Մեհենագրերը հիերոգլիֆային են, Տաճարային գրեր կամ հայոց նախաքրիստոնեական գրերը․ դրանք սեպագրեր չեն, այլ գաղափարանիշեր (իդեոգրամներ)։ Նման չեն ո՛չ Միջագետքի սեպագրերին, ո՛չ էլ եգիպտական հիերոգլիֆներին։

Ինչպես նշեցինք, Դարանաղի շրջանում է գտնվել Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։  Հայոց նախաքրիստոնեական հավատքում չարի աստված կամ չար աստված առհասարակ գոյություն չունի, դա միաստվածության առասպելաբանություն է, որտեղ Արամազդը միակ գերագույն աստվածն է(ի տարբերություն զրադաշտականության)։

Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվել է Եփրատի ակունքներում`Բարձր Հայք գավառում, ներկայիս Թուրքիայի Երզնկա շրջանում, Անի-Կամախ ամրոցի մերձակայքում։ Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ խոսելով Անի ամրոցի մասին` մենք նկատի չունենք Արաքսի ափին գտնվող Անի քաղաքը։ Խոսքը մայրաքաղաք Անիի մասին չէ, այդ պատճառով էլ ընդգծում ենք՝ Դարանաղյաց Անի, Երզնկայի շրջան, Եփրատ գետի ակունքներում, Էրզրումի մերձակայքում, ժամանակակից Թուրքիայի տարածքում։

https://bit.ly/2YfHdco