Պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից:

Ըստ արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է և հանդիսանում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի կառույցներից մեկը։ Հայտնաբերվել են 4 սյան խարիսխներ, իսկ մնացած սյուների հետքերը դեռ հողի շերտի տակ են: Համաձայն արշավախմբի ուսումնասիրությունների՝ նշյալ կառույցը ունի մի քանի մշակութային շերտեր, որոնք թվագրվում են հեթանոսության ժամանակաշրջանով՝ մ․թ․ա. 2-1 դդ. և մ․թ․ 1-2-րդ դդ․, իսկ ամբողջական ուսումնասիրությունից հետո այն հնարավոր կլինի թանգարանացնել՝ ստեղծելով Հայաստանում նախադեպը չունեցող զբոսաշրջային վայր։Հիշեցնենք, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես Ա-ի կողմից Ք․ ա. 189-188 թթ․ 12 մեծ ու 1 փոքր բլրի վրա, որոնցից մեկի վրա այժմ գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրը։ Տարբեր հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են բաղնիքների մնացորդներ, դրանց խճանկարները, մետաղադրամներ, տարբեր կառույցներ, որոնց մի մասն ուսումնասիրվել և թանգարանացվել է, իսկ մյուս մասը դեռևս ուսումնասիրման փուլում է։