Ջավախք աշխարհը հարուստ է ոչ միայն  գեղեցիկ բնությամբ, այլև տարբեր սրբավայրերով և մատուռներով, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։ Այդ վայրերից է «Խաչո» սրբատեղին, որը գտնվում է Մեծ Սամսար գյուղի մոտակայքում գտնվող համանուն կիրճում: Մեծ Սամսար գյուղը գտնվում է Ախալքալաք քաղաքից 29 կմ հեռավորության վրա, և դրան հասնելու համար հարկավոր է հաղթահարել բավականին բլրոտ, օձագալար ճանապարհ: 

Սամսարի բնակիչները և այլ ականատեսներ պատմում են, որ «Խաչո» սրբավայրը ամոքիչ է: Այստեղ շատ ուխտավորներ են գալիս, բայց ամենից հաճախ այստեղ գալիս են հղիանալ չկարողացող կանայք, ովքեր ուխտագնացությունից հետո զգում են մայրության բերկրանքը: Եղել են «հրաշք» հանդիսացող այլ դեպքեր ևս։

«Խաչո» սրբավայրը հետաքրքիր է նրանով, որ, ըստ ավանդությունների, ամեն 7 տարին մեկ այստեղ սկսում է գետնից ջուր բխել: Ինչպես ասում է բնակիչներից մեկը, 7 թիվը կարող է պայմանական լինել: Հնարավոր է, որ բնական պայմաններից կախված, ջուրը վեր բարձրանա մի քանի տարին մեկ անգամ, սակայն ժողովրդը դեռ հավատում է նրան, որ դա տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Leave a Reply