Հռոմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հանդիպել է աշխարհի տարբեր նշանավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ապացույցներով ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։

«Հատուկ անդրադարձել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգին։ Նշել է, որ ԵԽԽՎ-ում բանաձևում ևս ներառվել է մեր առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորել ենք դրա անհրաժեշտությունը»,- Արմենպրես-ի փոխանցմամբ՝ հանդիպումից մանրամասներ է հայտնում ՀՀ ՄԻՊ-ը:  

Պաշտպանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները։

Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով: