«Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում սպառնում են խաթարել տարածաշրջանի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հարցով արտակարգ դրության ռեժիմը: Այդ թեմայով Կոնգրեսին հղած իր ծանուցման նամակում Բայդենը նաև անդրադարձել է Թուրքիային և հայտարարել, որ Սիրիայում Թուրքիայի գործողությունը վնաս է հասցրել ԴԱԻՇ -ի դեմ պայքարին: Բայդենը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ արտակարգ դրությունը մեկ տարով երկարաձգելու որոշման վերաբերյալ և բացատրել դրա պատճառները:

Որոշման վերաբերյալ Սպիտակ տան արած հայտարարության մեջ հիշեցվել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի հոկտեմբերի 14 -ին N13894 հրամանագրով հայտարարել էր արտակարգ դրություն՝ համաձայն «Միջազգային արտակարգ տնտեսական իրավիճակների   լիազորությունների օրենքի»:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, որ արտակարգ իրավիճակի գործընթացը երկարաձգվել է ևս մեկ տարով, և որոշումը կհրապարակվի Պաշտոնական տեղեկագրում: