Հոկտեմբերի 9-13-ը Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին, որը տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում:

Հայաստանը միասնական տաղավարով ներկայացնում են բուսական թեյերի արտադրության, չրարտադրության և պահածոների արտադրության ոլորտներում գործող ութ ընկերություններ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրի շրջանակում։ 

«Անուգա 2021»-ն ամենամեծ միջազգային հարթակն է կապերի հաստատման և վաճառքի խթանման համար, որին հայաստանյան ընկերությունները ներկայացված են պանդեմիայի սկսելուց հետո։ Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության առաջխաղացմանը, ինչպես նաև՝ արտահանման ծավալների և աշխարհագրության ընդլայնմանը։

Ըստ հաղորդագրության՝ ցուցահանդեսների վերսկսելուց հետո «Անուգա 2021»-ն ամենամեծն է Եվրոպայում, այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից։