Իրանը կընդլայնի ռազմավարական համագործակցությունը սիրիական վարչակազմի հետ նաեւ պաշտպանական ոլորտում: Այդպիսի եզրակացություն կարելի է անել՝ ելնելով շաբաթ օրն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Դամասկոս կատարած այցի արդյունքներից:

Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իրանամետ խմբավորումները մնում են Իսրայելի հետ սահմանին, իսկ սիրիական տարածքը Թեհրանի կողմից դիտարկվում է որպես պլացդարմ՝ հրեական պետության հետ հնարավոր պատերազմի դեպքում: Իսրայելը, իր հերթին, պատրաստ է որպես պլացդարմ օգտագործել Ադրբեջանը:

Նշենք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունն արդեն հաղորդել է, որ միայն դիվանագիտական միջոցներով չի գործելու, եթե Իրանը չդադարեցնի իր միջուկային ծրագիրը: Եթե, այնուամենայնիվ, Իրանի հետ պատերազմ  սկսվի, ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին։

Իրանի դեմ պատերազմելու համար Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը, ինչպես նաեւ Ադրբեջանին՝ ընդհանրապես: Եվ դա, ինչպես երեւում է իրադարձությունների ընթացքից, այն գինն է, որը Բաքուն պետք է վճարի արցախյան պատերազմում ստացած «իսրայելական նվերների» դիմաց: Եվ եթե պատերազմը բռնկվի, կարելի է ենթադրել, որ ռազմական գործողությունները կմղվեն երկու ճակատում, որոնցից մեկի արդյունքները կենսական նշանակություն կունենան նաեւ Հայաստանի համար:

Հիշեցնենք նաև, Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Իրանի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաեւ Կարսի պայմանագրի հարցը, պայմանագիր, որն իրավական ուժ չունի, չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից, բայց պարտադրվել է հայ ժողովրդին արդեն 100 տարի:

Leave a Reply