Եկող շաբաթվանից Ախալքալաքի Ջավախեթ փողոցում կմեկնարկեն կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները: Շինարարությունն իրականացնող ընկերությունից հույս են հայտնում, որ 4 ամսում աշխատանքները կվերջացնեն, որից հետո արդեն փողոցը կասֆալտապատվի:

Ջավախեթի փողոցի ասֆալտն ամբողջությամբ քանդված է, վարորդները դժվարանում են երթևեկել այստեղով և ամեն կերպ փորձում են շրջանցել այս փողոցը։ Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից՝ ճանապարհը կասֆալտապատվի այն դեպքում, եթե լուծվի փողոցի կոյուղու խնդիրը։

Հարկ է նշել, որ նոր կոյուղագծերը կառուցելու համար արդեն էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել, որը հաղթել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի աշխատանքները պետք է սկսվեն և ավարտվեն 4 ամսում՝ մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ։