Հայոց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում քարոզի  ժամանակ Տավուշի թեմի  առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, ասել է, որ մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ծանր և դժվարին իրավիճակում:

Նրա խոսքով՝ «պատերազմի օրերին՝ ամեն վայրկյանն ապրեցինք ոչ միայն ցավի, այլ նաև հաղթանակի տեսիլքով։ Սա պիտի չվերջանա։ Հաղթանակի տեսիլքը պիտի չավարտվի, անկախ նրանից, թե մենք ինչ հանգրվանում ենք այսօր գտնվում։

Մեր ՄԱՅՐԸ(Արցախ խմբ․) հիվանդ է այսօր, խոցված է, բայց մեռած չէ։ Մենք իրավունք չունենք սպանելու նրան։ Այցելե՛ք, վերադարձե՛ք տուն՝ Արցախ»։

Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը քարոզի ժամանակ խոսել է Դադիվանքում ապրող հոգևորականների մասին, որոնք, սրբազանի խոսքով, 6 ամիս է փակված են  այնտեղ. «6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»։