ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակել է 2022 ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որը ներառում է Արցախին 2 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու առաջարկություն, հայտնել է Ամերիկայի Հայկական համագումարը:

Մասնավորապես, «Կոմիտեն խորհուրդ է տալիս մինչեւ 2.000.000 դոլար հատկացնել հումանիտար ականազերծման եւ չպայթած զինամթերքի ոչնչացման համար այն տարածքներում, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով»:

Փաստաթուղթը նաև կոչ է պարունակում` «մարդասիրական օգնություն տրամադրել» նրանց, ովքեր «տեղահանվել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով»:

Օրենքի 907-րդ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի միջոցները «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի որոշել, և Կոնգրեսին հարկ է տեղեկացնել, որ Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումներն ու ուժի կիրառման այլ հարձակողական ձեւերը դադարեցնելու համար»:

«Վեհաժողովը ողջունում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին», — հայտարարել է Կոնգրեսի հետ կապերի գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: