Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»:

Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում,  բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների  ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից: 5-րդ դարում Հոռեկա վանքի շրջակայքում եղած բնակավայրն անվանվել է Թարիջ: 1822թ. Մելիք-Բեգլարյան Թալիշ բեկի անունից գյուղը վերանվանվել է Թալիշ: Հարմարավետ և ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը նպաստել է, որ բնակավայրը դառնա Գյուլիստանի մելիքության վարչական կենտրոնը: Թալիշի գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումը ավարտվել է 1894 թվականին: Իսկ Թալիշի մշակույթի տունը, որի կառուցումը սկսվել է 1957 թվականին և ավարտվել 1959 թվականին, Ալիևը,  վերջերս կատարած այցելության ժամանակ, ինչ -ինչ նպատակներով ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել: