Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում։ Հանդիպման թեման հաղորդակցությունների բացումն է, եւ այս հարցը դժվար թե հնարավոր լինի լուծել առանց քաղաքական կարգավորումների։ Մոսկվա մեկնելու նախօրեին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ պետք է ուսումնասիրել սահմանների հետ կապված ամբողջ իրավական բազան։ Նա նաեւ ասել է, որ «կարգավորումն ու ապաշրջափակումը կիրականացվեն ԱՊՀ իրավական կարգավորումների շրջանակում»։

Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման խոսակցություններին զուգահեռ, Հայաստանը հայտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ: Չնայած նրան, որ Անկարան և Մոսկվան հայտարարում են, որ «2020 թվականին Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունները» ուղղված էին տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն փակվել են եղած հաղորդակցություններից շատերը: Քարվաճառի ճանապարհը փակ է, Գորիս-Կապանը չի կարող ամբողջությամբ օգտագործվել ո՛չ իրանցիների, ո՛չ հայերի կողմից։

Մինչդեռ, Իրանի և Հնդկաստանի առաջարկները ուժի մեջ են: «Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնագիր», ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Սա երկկողմ հայ-իրանական փաստաթուղթ է: