Արևմտյան Հայաստանը բռնազավթած Թուրքիան, իրեն բնորոշ կեղծավորությամբ այս էլ որերորդ անգամ՝ հայ ազգին պատկանող հարուստ մշակութային ժառանգության հետ մեկտեղ իրեն է վերագրում նաև հայկական խոհանոցին պատկանող տարբեր կերակրատեսակներ։  Օրերս թուրքական լրատվական կայքերից մեկն անդրադարձել է հայկական լավաշին՝  «մոռանալով» հիշատակել այդ դարավոր հայկական հացատեսակի նախապատմությունը, սակայն չի մոռացել նշել, որ Երզնկայի լավաշը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ցանկանում ենք անտեղյակ մարդկանց հիշեցնել, որ  հայկական լավաշ հացատեսակը ստեղծել են հայերը, այն ունի հազարամյակների պատմություն։ Լավաշի մասին նույնիսկ լեգենդներ կան հյուսված։ Չմանրամասնելով լավաշի ստեղծման ողջ պատմությունը՝ նշենք միայն, որ այ թխվում է թոնրի մեջ, որը նույնպես հին հայկական մշակույթի տարրերից է։ Լինելով բնիկ ժողովուրդ՝ հայ ազգը հազարամյակների ընթացքում ստեղծել է իր կենսակերպին համապատասխան պայմաններ, որոնցից մեկն էլ թոնիրն է, որին այժմ շատերը, այդ թվում՝ թուրքերը, փորձ են անում վերագրել իրենց։  Թոնիրը հայերի կյանքում և կենցաղում կարևորագույն նշանակություն է ունեցել դեռևս հեթանոսական ժամանակներից: Այդ գետնափոր կրակը խորհդանշել է արևի պաշտամունքը: Վերջում ավելացնենք, որ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին 2014 թվի նոյեմբերի 26-ին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: