ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի գլխավորած պատվիրակությանը։

Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի։Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ՝ որպես Արցախում այս պահին ներկա միակ միջազգային կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ  շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։