«Ավելի հեշտ է ուղտը մտնի ասեղի ծակով, քան հարուստը Աստծո արքայություն», Աստվածաշունչ մատյան:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Վատիկանում 2015-ի ապրիլի 12-ի պատարագով եւ այլ արարողակարգերով երեք խնդիր է լուծել.

  • արժեւորել է Հայոց մշակույթը որպես համաշխարհային մշակույթի անբաժանելի ու կարեւոր մաս,
  • բարոյական-իրավական-քաղաքական մակարդակից՝ համամարդկային-քաղաքակրթական մակարդակի է բարձրացրել Հայերի ցեղասպանության խնդիրը եւ դրա մասին բարձրաձայնելու միջոցով բարձրաձայնել է ցեղասպանությունների կանխարգելման խնդրի մասին աշխարհում,
  • այս ամենով հանդերձ ապահովել է կաթոլիկ մարդու, համայնքի, հավաքականության, համաշխարհային կաթոլիկ ողջ համակարգի՝ լինելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը՝ այս աշխարհում, այս արեւի տակ:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը իր ճառում ասում է. «Այսօր հարմար պահ է միասին աղոթելու համար, քանի որ մենք Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ ենք կարգել»։

 

Հայկական մշակութային ժառանգությունը, Հայոց քաղաքակրթությունը ի սկզբանե համամարդկային քաղաքակրթության կարեւոր եւ անբաժան մեկ մասն է, որի մասին գերադասել են լռել եւ այդ փաստը շրջանցել այն շրջանակները, որոնք շրջանցել են նաեւ Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման անկասելի իրողությունները:

Վատիկանում մատուցված պատարագով վերաժեւորվեցին վաղուց ի վեր քաղաքակիրթ աշխարհին հայտնի փաստերը եւ համապատասխան հնչեղություն ու գնահատական ստացան դրանք: Ավելին, ամեն խոհուն եւ զգայուն անձի պարզ դարձան, որ ցեղասպանությունը կրկնակի հանցանք է՝ կատարված ամբողջ ազգի կյանքի իրավունքի եւ մշակութային ժառանգության դեմ:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը իր ճառում շարունակում է. «Ոչ միայն հայերի եւ Տիեզերական եկեղեցու, այլ նաեւ ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է հիշել այն, ինչ տեղի է ունեցել, որպեսզի այդ ողբերգության նախազգուշացումը թույլ չտա կրկնվելու այդ սարսափը, որը վիրավորում է Աստծուն եւ մարդկային արժանապատվությունը»։

 

Աստվածաշնչյան հայտնի առակում ասվում է. «Ավելի հեշտ է ուղտը մտնի ասեղի ծակով, քան հարուստը Աստծո արքայություն»:

Հասկանալի է, որ խոսքը վերաբերում մարդու արժեւորման, լինելիության եւ ապագա ունենալու հարցերին, ճիշտ այնպես, ինչպես եւ ազգի ու պետության պարագայում:

Այս դեպքում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը ցույց է տվել «ասեղի ծակով» անցնելու ճամփան:

 

Երբ Հռոմի Պապի խոսքին ի հակառակ հոխորտում են, առաջին հերթին, թուրքական պետական մեքենայի պաշտոնյաներ, ապա ակնհայտ է, որ նրանք չեն հասկացել եւ կամ չեն ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, թե ազգերի ու պետությունների ապագան մարդաքանակի եւ զինատեսակների բազմազանության ու առատության իրողության մեջ չէ, այլ այն պարզ ճշմարտության, որ բավարար չափով պետք է սիրես աշխարհն ու մարդկանց, որպեսզի այնտեղ լինելու տեղ եւ իրավունք ունենաս:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը իր ճառում ամփոփում է. «Այսօր նույնպես այդ հակամարտությունները փաստացիորեն վերածվում են անարդարացի բռնության՝ խառնվելով ազգային եւ կրոնական տարբերությունների շահագործմանը։ Բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները նման հանցագործություններին պետք է հակազդեն պարտքի հաստատուն զգացումով՝ չզիջելով երկդիմիությանն ու փոխզիջմանը»։

 

Քանզի բարոյականություն ասվածը, այդ թվում եւ քաղաքականության վերաբերյալ, երկու մակարդակ ունի, որի առաջին մակարդակում այն կարող է ենթարկվել աղավաղումների ու նույնիսկ ծաղրուծանակի՝ «ռեալպոլիտիկի» խղճուկ պատճառաբանություններով: Բայց երկրորդ մակարդակում, որը քաղաքակրթական մակարդակն է՝ պատճառաբանություններն ու արդարացումները չեն աշխատում:

Այնտեղ աշխատում են` տեսանելի, թե անտեսանելի, դատաստանի օրենքները եւ նրա կողմից արձակված վճիռները, ինչի մասին էլ բարձրաձայնեց եւ զգուշացրեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը:

 

Մարդկության հանդեպ եւ, առաջին հերթին՝ իր հոտի եւ ազգի հանդեպ, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինն իր գերագույն պարտքը կատարեց: Մյուս առաջնորդներին մնում է կամ հետեւել Պապի օրինակին, որը լինելիության շիտակ ուղին է նշել, կամ անտեսել այն, եւ որն ավելի վատ է՝ հոխորտալ ու զառանցել, մատնվելով ապագայի հանդեպ անհեռանկար ու մշուշապատ տեսլականների:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ

 

15.04.2015 թ.

 

————-

 

Ծանոթագրություն

  1. «Սա ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է». Հռոմի Պապի ճառն ամբողջությամբ, 13.04.2015, news.am:

Comments are closed.