Արցախի Հանրապետության արևելյան հատվածում տեղակայված Մարտունի շրջկենտրոնը հետպատերազմական շրջանում օրեցօր փորձում է ոտքի կանգնել։

Այս մասին ասել է Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը։

«Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտունու բնակչությունը կազմում էր 6228 մարդ, պատերազմից հետո այդ թիվն ավելացել է՝ դառնալով 6823։ Տեղահանված շուրջ 168 ընտանիք է հաստատվել այստեղ՝ 633 բնակչով։ Հրետակոծության հետևանքով վնասվել են 900-ից ավելի շենքեր և շինություններ։ Լրիվությամբ ավերվել է 14 առանձնատուն։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 380 առանձնատներում»,- ներկայացրել է Ա. Սաղյանը։ Նրա տեղեկացմամբ՝ քաղաքում գործում է երկու դպրոց, որտեղ ընդհանուր առմամբ հաճախում է 1024 աշակերտ, կա երկու մանկապարտեզ, որտեղ հաճախում է 320 երեխա: 20֊րդ դարում կառուցված Սուրբ Մեծն Ներսես եկեղեցին հավատավոր ժողովրդի աղոթատեղին է։ Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ Ա. Սաղյանը մանրամասնել է. «Այստեղ գործում է 1 թռչնաֆաբրիկա, 1 գինու գործարան, ծխախոտի ընդունման չորանոց, շինարարական կազմակերպություններ, որոնք ապահովում են բնակչության զբաղվածության խնդիրը»: