Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում մի շարք հասարակական կազմակերպություններ  Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ անցկացրեցին «Թոնրատոն» փառատոնը։

Ինչպես իրենց ելույթներում նշեցին կազմակերպիչները՝ միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն տուն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին:

«Հազարաշեն տներն ու նրանցում տեղադրված թոնիրները հազարավոր տարիներ եղել են հայ ժողովրդի գոյության հիմնական միջոցներն ու ուղեկիցները։ Ազգային ծեսերը, խոհանոցը ձեւավորվել են հեռավոր ժամանակներում եւ հասել մինչեւ մեր օրերը։ Մշակութային այս արժեքների խորքում մեր ժողովրդի ապրած կյանքն է, պատմությունը, ազգային ինքնության պահպանման ձգտումը»,-ասաց Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։ 

Փառատոնի մասնակիցները ականատես եղան նաեւ ազգային ծիսական փոքրիկ ներկայացումների, իսկ այդ ընթացքում պատրաստվեց մոլորակի խաղաղությունը, ինչպես նաեւ կնոջ պտղաբերությունը խորհրդանշող  ավանդական հայկական ղափամա կերակրատեսակը: