Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրների 10 դեսպանների հնարավոր արտաքսման հետ կապված դիվանագիտական ​​ճգնաժամը հանգուցալուծվել է դեսպանատների՝ Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին հայտարարություններից հետո, հայտնում է BBC-ն։

Անցած շաբաթ օրը Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ը հրամայել է պերսոնա նոն գրատա հայտարարել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին, որոնք ավելի վաղ կոչ էին արել Թուրքիայի ղեկավարությանը ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային։

Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների և մյուս երկրների դեսպանատները հայտարարել են, որ հավատարիմ են այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Դրանից հետո Թուրքիայի նախագահն ասել է, որ դեսպանները «այսուհետ ավելի ուշադիր ու զգույշ կլինեն Թուրքիայի վերաբերյալ իրենց հայտարարություններում»։

64-ամյա Օսման Քավալան թուրք գործարար է, բարերար և իրավապաշտպան։ Իշխանությունները նրան մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։