Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը:

Ողջունելով Քույր Եկեղեցու ներկայացուցիչների այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում Վատիկանի և Մայր Աթոռի միջև համագործակցության նոր հնարավորություններ կընձեռնի։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն հայտնեց Սուրբ Աթոռին և նրա գահակալին արցախյան 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության, զորակցության, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար: 

Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի բարեմաղթությունները։ 

Վատիկանի փոխպետքարտուղարը հավաստիացրեց, որ Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հետպատերազմյա խնդիրների, ի մասնավորի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար։