Օրերս Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, տեղական իշխանությունների, Ջավախքի ազգային պարկի և Նահանգապետարանի ներկայացուցիչները քննարկեցին Կարզախ գյուղի Խոզապինի լճի մաքրման միջոցառումները։ Լիճը գտնվում է անմխիթար վիճակում և անհրաժեշտ է այն փրկել։ Խոզապինի լճի կեսը գտնվում է Թուրքիայի կողմում, իսկ մյուս կեսը՝ Վրաստանի կողմում։ Կարզախ գյուղում լճի վրացական հատվածը կանաչապատ է: Լիճը գտնվում է Ջավախքի ազգային պարկի տարածքում։ Ազգային պարկի ներկայացուցիչներն ահազանգում են լճի վատ վիճակի մասին։ Լճում շատ ձկնորսական ցանցեր կան, ինչի պատճառով ձկները չեն լողում Կարզախի կողմը, և դրա պատճառով այն կանաչել է։ Թուրքական կողմից Խոզապինի լիճը մաքուր է ու թափանցիկ, վրացական կողմից լրիվ կանաչ է։ Ազգային պարկը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում լիճը կարող է վերածվել ճահճի։