Թուրքական բանակի հրետանին երեկ գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Դեկնա եւ Բեյլունիա բնակավայրերը, որոնք վերահսկում են քրդական ստորաբաժանումները։

Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով վնաս է հասցվել բնակելի շենքերին եւ կենցաղային շինություններին, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա։

Քուրդ զինյալները պատասխան կրակ են բացել Ազազ սահմանային շրջանի վրա, որտեղից հրետանային արկեր են արձակվել։

Ավելի վաղ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել քրդական ստորաբաժանումների եւ Թուրքիայի կողմից աջակցվող զինված ընդդիմադիր խմբավորումների միջեւ։ Գրոհայինները փորձել են առաջ շարժվել դեպի Այն Դեկնա գյուղ եւ գրավել այն, սակայն քրդերը հետ են մղել թուրքամետ ուժերի առաջխաղացումը։

Հոկտեմբերի 27-ին թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս են ուղարկել երկու շարասյուն՝ զրահատեխնիկայով, զենքով, զինամթերքով եւ նյութատեխնիկական սարքավորումներով։ Ըստ քրդական աղբյուրների՝ ռազմական մատակարարումները վկայում են այն մասին, որ Անկարան պատրաստվում է անվտանգության գոտու ընդլայնման գործողության։