Մկրտիչ Ա. Վանեցի՝ Խրիմյան Հայրիկ. Հայ եկեղեցու, համայն հայության ամենանվիրական անուններից մեկը, որ անձնավորում էր հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային հզոր գործչին, մտավորականին ու գրողին: Իմաստուն մի այր, որի կյանքն ու գործը անմնացորդ նվիրաբերում էին լինելու ազգին ու հայրենիքին, գրին, լույսին ու հավատքին:
Նա ստեղծել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը, որը մեկ տարվա լույսընծայումից հետո վերահրատարակելու էր Վանի Վարագավանքում և հիմնելու էր Ժառանգավորաց վարժարանը: 1862 թ. Խրիմյանը ստանձնում է Տարոնի հոգևոր առաջնորդի և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը, այստեղ նույնպես կյանքի կոչում համանման վարժարան:
Այս շրջանում Մկրտիչ Խրիմյանը ջանադիր գործունեություն է ծավալում կեղեքվող հայության վիճակը թեթևացնելու, քուրդ և թուրք աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ: Անանձնական կյանքով ապրող Խրիմյանին հայությունն սկսում է մեծարել Հայրիկ պատվանունով: Մինչդեռ թուրքական կառավարությունը նրան համարում է քաղաքականապես անբարեհուս հոգևորական և փակում դպրոցն ու տպարանը:
1868 թվական. Էջմիածնում օծվում է եպիսկոպոս, մեկ տարի անց ընտրվում Պոլսի հայոց պատրիարք:
Իբրև 1878 թ. Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, նախապես այցելում է եվրոպական մեծ տերությունների պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացնում վեհաժողովին՝ հուսալով, որ դիվանագիտական ճանապարհով կլուծվի Հայկական հարցը: Սակայն վեհաժողովում չստանալով դրական լուծում, խիստ հիասթափվում է և պատգամում․ «Զենք առնենք և դարձյա՛լ զենք: Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քու ազատության հույսը քու վրադ դիր, քու խելքիդ ու բազուկիդ ուժ տու՛ր…»:1879-ին ընտրվում է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, էապես աջակցում Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը:
Խրիմյան Հայրիկը մահացել է 1907 թվականի հոկտեմբերի 29-ին Երուսաղեմում: