Գերմանաբնակ Անի Թունյանը, Խաչատուր Պարտեզպանյանը և «Միասին» նախաձեռնությունը արձագանքել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառմանը, ըստ որի՝ Հադրութի «Դիզակ» մանկապարտեզը ունի խաղալիքների, սպիտակեղենի և այլ պարագաների կարիք, և նոր խաղալիքներ ու գրենական պիտույքներ ուղարկել Արցախ: 

Ստեփանակերտում վերաբացված Հադրութի շրջանի «Դիզակ» մանկապարտեզն այսօր ստացավ այդ օգնությունը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ Արցախի մասնաճյուղի միջոցով:

Մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց բարերարներին և պարզապես բարի մարդկանց, ովքեր աջակցում, հույս են ներշնչում՝ կանգնելով Արցախի կողքին:

«Մենք կկարողանանք վստահ քայլերով առաջ շարժվել, շարունակել մեր պայքարը և մեր անմեղ մանուկների համար ստեղծել այնպիսի մոլորակ, որտեղ նրանք իրենց երջանիկ ու ապահով կզգան», — նշեց Ռ. Սարդարյանը: