Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու գաստրոտուրիզմի սիրելի ուղղություն աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Forbes-ում հոդված է հրապարակել Էն Աբելը, ով աշխարհի տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների հետ ժամանել է Հայաստան՝ բացահայտելու մեր երկրի խոհանոցային գրավչությունը:

Հայաստանի տարբեր կետերում նա փորձել է հայկական խոհանոցի նրբաճաշակ համերը ու խմել հայկական գինին:

«Այս երկրում կա ինտելեկտուալիզմ: Այստեղ շախմատն ազգային սպորտաձև է: Մատենադարանում ցուցադված են հնագույն տպագիր գրքեր, թանկարժեք ձեռագրեր, նկարազարդված գունավոր գրքեր և մանրանկարներ: Դա շատ բանի մասին է խոսում հայերի վերաբերյալ, ովքեր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ցեղասպանության ժամանակ նախընտրում էին պաշտպանել հիասքանչ գրքերը»,- գրում է հեղինակը:

Նա նշում է, որ հայկական ուտելիքները բազմազան են, պարունակում են շատ հետաքրքիր թարմ համեմունքներ: Հեղինակը պատմում է նաև հայկական գինիների լայն տեսականու և նուրբ համերի մասին: