Գրի ու գրականության հանդեպ հանրության լայն շրջանակի սերն ու հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Գրքի օր ու գիշեր-2021»-ը:

«Արմենպրես»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Բուկինիստ»-ի հիմնադիր Խաչիկ Վարդանյանի հետ, որը պատմել է, որ «Գրքի գիշեր» կազմակերպելու  գաղափարը ծնվել է վեց տարի առաջ:

«Տոնի շրջանակում երեկոյան 10:00-22:00-ը «Բուկինիստ» գրախանութների ցանցում ներկայացված գրքերը, տարբեր պարագաները վաճառվել են 30 տոկոս զեղչով: Նախորդ տարի համավարակի պատճառով հերթերից և վարակի տարածումից խուսափելու նպատակով  տոնը վերածեցինք «Գրքի օր ու գիշեր»-ի: Այս տարի ևս այդպես ենք արել: Այսինքն՝ նոյեմբերի 4-ին առավոտյան 10:00-ից երեկոյան 22:00-ը գրախանութը գրքերը վաճառելու է զեղչով: Իսկ  22:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 10:00-ը վաճառքը շարունակվելու է առցանց՝ books.am հարթակում»,- նշել է  Վարդանյանը:

Միջոցառումը լինելու է «Բուկինիստի» բոլոր երևանյան գրախանութներում, Սևանի, Դիլիջանի գրախանութներում, ինչպես նաև ընկերության հետ աշխատող Արմավիրի, Մասիսի, Գորիսի և Կապանի գրախանութներում:

Տոնի շրջանակում սպասվում է հյուրասիրություն, գրքի սիրված հերոսների հետ լուսանկարվելու հնարավորություն, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություն և մի շարք անակնկալներ:

«Վերադարձ» անսամբլի Համշենի հարսանեկան պարերգ: