ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։