ԱՄՆ-ը բացահայտորեն հասկացնում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում իրենց խնդիրները կապված են բացառապես Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի անձի հետ, ով «տատանվում է դաշնակից-թշնամի կարգավիճակների միջև»։

Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Հանդիպման առաջին եզրակացությունը՝ Վաշինգտոնի հետ լիարժեք երկկողմ երկխոսության մեջ մտնելու Անկարայի բոլոր փորձերը, միջազգային տարբեր հանդիպումների ձևաչափերից դուրս դեռ չեն պսակվել հաջողությամբ։ Սպիտակ տունը դա կապում է «Վաշինգտոնի և Անկարայի միջև շարունակվող լարվածության և ռազմավարական տարաձայնությունների հետ»:

Երկրորդը՝ Սպիտակ տունը ցույց է տալիս, որ Թուրքիայի համար ավելի կարևոր է երկու նախագահների անձնական հանդիպումը. «Թուրքիայի տնտեսությունը ցնցվում է, իսկ Էրդողանը կորցնում է ճանաչելիությունը»։

Երկու նախագահների խորհրդականներ Ջեյք Սալիվանն ու Իբրահիմ Քալընը քննարկել են մի շարք հարցեր՝ խոսքը երկկողմ ռազմական համագործակցության, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի եւ Անդրկովկասի մասին էր։ Միևնույն ժամանակ, առանձնացվում էին Թուրքիայի մասնակցության հարցը F-35 կործանիչների արտադրության ծրագրին (Վաշինգտոնը հրաժարվել է համագործակցել Անկարայի հետ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելուց հետո) և ամերիկյան F-16 կործանիչները գնելու դիմումը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է, որ «եթե Միացյալ Նահանգները չցանկանա լուծել F-35-ի հարցը, Թուրքիան կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ ռուսական արտադրության Սու-35 կամ Սու-57 գնելու տարբերակը»:

Թուրքիան, թերևս, Մերձավոր Արևելքի այն երկրներից է, որն առաջինն է զգացել տարածաշրջանում ամերիկյան ազդեցության թուլացումը և սկսել  յուրովի «խաղալ» աշխարհաքաղաքական տախտակի վրա։ Ինչի արդյունքում էլ՝ Արևմտյան գործընկերների կողմից Անկարային արգելափակելու և մեկուսացնելու միտումներ կան։

Այս ֆոնին Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնումն, Արևմուտքում ընկալվում են որպես հնարավոր՝ տարածաշրջանային նոր  ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման տարբերակ։

Եվրոպացի շատ փորձագետների կարծիքով, Թուրքիայի ներկայիս իրավիճակի վրա ազդելու համար բավական է ստեղծել այնպիսի իրավիճակ, որում նա այլընտրանք չունենա արտաքին տնտեսական օգնություն ստանալու առումով։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Բայդենը չի թաքցնում, որ պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ընդդիմադիր ուժերին։