Թուրքիան ավելի քան 30 հազար զինվոր է կենտրոնացրել սիրիական սահմանի մոտ, բանակը կազմ ու պատրաստ սպասում է հարձակման հրամանի՝ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների հետ կապված հարցը վերջնականապես կարգավորելու համար, հայտնում են թուրքական աղբյուրները։

Ռուսական РИА “Новости”-ն էլ վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, թե թուրքական բանակը՝ իրեն հավատարիմ սիրիական կազմավորումների հետ միասին, կարող է արդեն ռազմական գործողություն սկսել արաբա-քրդական ստորաբաժանումների դեմ:

Թուրքական հնարավոր հարձակումը Սիրիայում հակասում է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի շահերին, սակայն պաշտոնական Մոսկվան շատ զգույշ է Թուրքիայի հետ հարաբերություններում և կտրուկ հայտարարություններ չի անում։ Ռուսական պետական լրատվական գործակալությունն, այդուամենայնիվ, հաղորդում է, որ Թուրքիան Սիրիայում երկու ռազմական գործողություն է նախապատրաստում․ մեկը՝ հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում, երկրորդը՝ հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասակա նահանգում: