Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:  Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել և որոշ ժամանակ անց՝ մահացել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր թունավորում: Կարեն Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր և հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից: