Արևմտյան Հայաստանի Արդվին նահանգի Քաչհալ լեռան փեշերին մոտ 1100 տարի առաջ կառուցված և վերջերս հայտնաբերված եկեղեցու ներքին հատվածը տեղաբնակների և բնության սիրահարների շնորհիվ առաջին անգամ լուսանկարվել է։

Եկեղեցու ներսում հայտնաբերվել են կամարաձև կամուրջ, նկուղներ և ստորգետնյա քարանձավներ։ 3 հազար 428 մետր բարձրության վրա գտնվող դարավոր եկեղեցին ապշեցնում ու հիացնում է այցելուներին։ Տեղացիների կողմից որպես Քիլայեթի վանք կամ Կույսերի եկեղեցի կոչվող այս վեհաշուք կառույցը գտնվում է ժայռերի դժվարամատչելի և զառիթափ լանջի վրա։

Ենթադրվում է, որ շինությունը, որը չունի քարե արձանագրություն, հիմնադրել է Գրիգոր Գանձա քահանան, ով  կարևոր կրոնական գործունեություն է ծավալել տարածաշրջանում։

Եկեղեցու տարածքում գտնվում են փոքր մատուռներ և դիտաշտարակներ, որոնցից մեկն ամբողջությամբ ավերված է, մյուսի պատերը դեռ կանգուն են։