Արևմտյան Հայաստանի Մարդին նահանգի Դերիք գավառում 1650 թ․ կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին հետևում են տեղի մահմեդական կին բնակիչները։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Աղբյուրը հայտնում է, որ այդ մահմեդական կանայք, հիշյալ եկեղեցին իրենց համար ևս սուրբ համարելով, մաքրում են եկեղեցու տարածքը և հետևում այն։

Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո եկեղեցու շենքը բռնագրավվել է թուրքական պետության կողմից և տարիներ շարունակ օգտագործվել տարբեր նպատակներով։ Երբ գավառի հայության թիվը վերստին սկսել է աճել, 1957 թ․ եկեղեցին վաճառվել է տեղի հայկական համայնքին։ 2004 թ․ վերականգնված եկեղեցին վերաբացվել է։ Սակայն քանի որ Դերիքում միայն 2 հայ էր բնակվում, եկեղեցին մնում է առանց ծխի։ Եւ այն տարիներ շարունակ խնամել է նույն թաղամասի բնակիչ Հաթուն Չաչուրը, ով, սակայն, հետագայում չի կարողացել շարունակել այդ գործը՝ ծերության և հիվանդության պատճառով։ Չաչուրից հետո, ըստ սկզբնաղբյուրի, եկեղեցուն դարձյալ տեղի բնակչուհիներն են տեր կանգնել։ Գավառում մնացած վերջին հայը՝ Զաքարիա Սաբունջուն, միակ մարդն է, ով այստեղ է գալիս աղթելու։ «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում նա շեշտել է, որ տարիներ առաջ այստեղ 7 եկեղեցիներ են եղել, որոնցից միայն այս մեկն է մնացել։