Ներկայացնում ենք հայտարարությունից հատվածներ․«Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային։ 44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության  տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել։ 

Ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։ Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։