Ադրբեջանցիներն  ավերել են Արցախի Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը  և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն», որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում։ 

Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից։ Գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։