Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին:«Թեպետ ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռևս կան շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային և կայուն կարգավորում: Մենք մասնավորապես կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցել  ականազերծման հարցում և սահմանային հատվածներում թուլացնել լարվածությունը: Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու  խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ: