Մարտակերտի Քոլատակ գյուղում պատերազմից հետո մարդկանց քանակը ոչ թե պակասել է, այլ ավելացել․ այստեղ են տեղափոխվել իրենց տներից զրկված բնակիչներ, նաև՝ զինվորականներ։

Պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրի հետևանքով, Աղդամի շրջանը անցավ Ադրբեջանին, դրանում ներառվեցին Մարտակերտի շրջանի յոթ գյուղերը։ Այս գյուղերը հայաթափվեցին ընդամենը մեկ օրում։ Բայց կրակոցներն ու «բայրաքթարները» Քոլատակ չեն հասել։  44-օրյա պատերազմի ժամանակ Քոլատակը «թաքստոց» էր դարձել։ Գյուղում պատերազմից հետո մարդկանց քանակը ոչ թե պակասել է, այլ՝ ավելացել։ Մինչև պատերազմը գյուղում բնակվում էր 258 մարդ, հիմա 327-ն են։ Պատերազմից հետո ապրում է իր հանգիստ առօրյայով։ Գյուղի միակ դպրոցում վեց ուսուցիչ է աշխատում, այստեղ հաճախում են աշակերտներ 50 երեխա և կողքի Թբղլու գյուղից 26 երեխա։

Բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի ներքևի հատվածում կառուցվում է “WOW Glamping” էկոճամբար զբոսաշրջիկների համար, նաև նոր գործարան է բացվելու։

Քոլատակցիները մեծ հույսեր են կապում նաև  7-րդ դարում կառուցված և 19-րդ դարից հետո չգործող Հակոբավանքի վերակառուցման հետ։