Ինչպես հայտնում է Լրագիր լրատվական կայքը՝ արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ՝ արտահայտելու իրենց մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող եւ անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։  Նրանք բարձրաձայնել են գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը։ Դիմումում թվարկված են խաղաղապահների օրոք Բաքվի հանցագործությունները, դրանց հետեւանքով մարդկային զոհերի հանգամանքը։ Վերջինը նոյեմբերի 9-ի արյունոտ միջադեպն էր։

Ինչպես նշում է կայքը՝ Արցախում ռուսական զորքի ներկայության թեմային իրենք ավելի վաղ անդրադարձել են։ Ըստ կայքի՝ խաղաղապահները ոչ թե շնորհ են անում արցախցիներին, այլ Արցախում են հակահայ ռուս-թուրքական գործարքով։ Անվտանգությունը խաղաղապահները չեն, այլ՝ քաղաքական երաշխիքները՝ կարգավիճակի եւ միջազգային ճանաչման տեսքով։  Արցախը պարտական չէ Ռուսաստանին, ընդհակառակը՝ Ռուսաստանը շատ թանկ է վճարելու այն ամենի համար, ինչ Արցախի դեմ անում է 1813-ից ի վեր։