ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրը հայտնել է, որ Իրաքի Հանրապետությունը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, նաև  իր երկրում հայերի սիրված  լինելը, և կարծիք հայտնել, որ որակյալ աշխատանքի համար պետք է համագործակցել հենց հայերի հետ։ Հավատարմատարն առաջարկել է Բաղդադում անցկացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը և հավելել, որ Իրաքը հետաքրքրված է Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած ընկերությունների մասնակցությամբ իրենց երկրի վերակառուցման գործում։ Նա նաև Իրաքի Կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է իր իսկ գլխավորությամբ կազմել գործարար պատվիրակություն՝ Իրաք այցելելու նպատակով: