Հետախույզների ծառայության եւ կատարած սխրանքների մասին քիչ է խոսվում: Հայ ժողովրդի նվիրյալ զավակ, արմատներով Արևմտյան Հայաստանի որդին փոխգնդապետ Վահագն Թումասյանը այն մարտիկներից է, որոնք արժանի են առանձին ուշադրության:

Նրա տարիների ծառայության մանրամասներից դրվագներ են միայն հայտնի, սակայն թե՛ նրա ծառայակից ընկերները, թե՛ դասախոսները, թե՛ պարզապես ծանոթները հիացմունքով եւ անմնացորդ վստահությամբ են խոսում Վահագնի մասին։ Նա եզակի էր, շատ պատրաստված եւ ամբողջ էությամբ նվիրված Հայրենիքին: Վահագն Թումասյանը մասնագիտությամբ պատմաբան էր, սակայն հետո որոշում է զինվորական դառնալ: 2007թ. ծառայության է անցնում ՀՀ զինված ուժերում, նախ՝ որպես դիպուկահար, այնուհետեւ` հետախույզ: 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ նա առաջինն է հայտնաբերել արաբ վարձկաններին եւ նրանցից առգրավել փաստաթղթերը: Իսկ Ջրականում, «Ուրալ»-ով ճեղքելով թշնամու շրջափակումը, փրկել է բազմաթիվ զիվորականների կյանքը:

2020 թվականի հոկտեմբերի 20-ին թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը,  հարգանքի տուրք մատուցելով Վահագն Թումասյանի հիշատակին, իր երախտիքի խոսքն է ուղղում նաև բոլոր հայրենանվեր ու հայրենասեր մարտիկներին, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանելու մայր հայրենիքը։ Նրա խոսքով՝ այս տղաների շնորհիվ և նրանց միջոցով է արթուն մնում մեր մշտավառ մարտական ու հայրենասեր ոգին։